Միջազգային բեռնափոխադրող ընկերությունը նախորդ ֆինանսական տարում գրանցել է 1.77 միլիարդ եվրոյի զուտ շրջանառություն / Նշանակալի ձեռքբերումներ թվայնացման, կայուն զարգացման և համաշխարհային ներկայացուցչական ցանցի ընդլայնման համար
Միջազգային բեռնափոխադրումներ և լոգիստիկ ծառայություններ իրականացնող Gebrüder Weiss ընկերությունը 2020 ֆինանսական տարում ունեցել է 1.77 միլիարդ եվրոյի զուտ շրջանառություն: Դա նշանակում է շրջանառության ավելացում 3.7 տոկոսով նախորդ տարվա համեմատ (2019թ. զուտ շրջանառությունը կազմել է 1.71 միլիարդ եվրո): Այսպիսով, ընկերությունը շարունակում է նախորդ տարիներին գրանցած աճը: «Դրական զարգացման համար որոշիչ էր նաև այն, որ կորոնավիրուսային ճգնաժամի ընթացքում մեր բոլոր մասնաճյուղերը շարունակեցին մնալ ճկուն և պահպանեցին աշխատանքային բնականոն ռեժիմը: Չնայած արտակարգ դրության շարունակական սահմանափակումներին և բեռնափոխադրումների ոլորտի համաշխարհային պասիվությանը՝ մենք միշտ կարողացել ենք մեր պատվիրատուների պահանջներին համապատասխան լուծումներ առաջարկել: Մեր աշխատակիցները ծանր պայմաններում ցուցաբերել են գերազանց աշխատանք», - նշում է Gebrüder Weiss ընկերության գործադիր խորհրդի նախագահ Վոլֆրամ Զենգեր-Վայսը:
Լավագույնը երկու աշխարհներից. թվայնացման ռազմավարությունն ապացուցում է իր շահավետությունը
Ընկերությունը 2020 թվականին շարունակական թվայնացման գործընթացի հիմնաքարը դրեց՝ ստեղծելով myGW պատվիրատուների նոր հարթակը: Առցանց հարթակը թույլ է տալիս պարզ, արագ և ուղիղ եղանակով օգտվել Gebrüder Weiss ընկերության բոլոր ծառայություններից, ինչպես նաև հստակ տեղեկություն ստանալ բեռների գտնվելու վայրի և ժամանման ժամկետների վերաբերյալ։ ««Լավագույնը երկու աշխարհներից» այսպես ենք անվանել թվայնացման մեր ռազմավարությունը, այսինքն՝ ֆիզիկական և թվային հնարավորությունների համակցումը, ինչն էլ հենց այս ճգնաժամի ընթացքում
հաջողությամբ ապացուցեց իր շահավետությունը: Մենք կարողացանք ցույց տալ, որ որպես լոգիստիկ ծառայությունների գործընկեր մենք նույնքան հուսալի ենք, որքան նորարարական: Պատվիրատուների դրական արձագանքը վերահաստատեց մեր ռազմավարական ճիշտ ուղղվածությունը», - ասել է Վոլֆրամ Զենգեր-Վայսը: Պատվիրատուների հարթակը ներկայումս գործում է Ավստրիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Չեխիայում, Հունգարիայում և Սլովակիայում: Այս տարի պլանավորվում է այն ներդնել նաև այլ երկրներում:
Համաշխարհային ներկայացուցչական ցանցի ընդլայնում
2020 թվականին Gebrüder Weiss ընկերությունը շարունակել է համաշխարհային ընդլայման իր ռազմավարությունը օդային և ծովային բեռնափոխադրումների բնագավառներում․ Gebrüder Weiss ընկերությունը ավելացրել է իր ներկայացուցչական գրասենյակները Գերմանիայում և մուտք է գործել Լեհաստանի, Հարավային Կորեայի, Մալայզիայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի շուկաներ: «Ճանապարհորդելու սահմանափակումների պատճառով նոր մասնաճյուղերի բացումը գրեթե բոլոր տեղերում իրականացրել ենք հեռավար կարգով: Դա մի առանձնահատուկ մարտահրավեր էր համապատասխան թիմերի համար, որը նրանք կարողացան հաջողությամբ հաղթահարել հաղորդակցման թվային գործիքների օգնությամբ», - ասում է Զենգեր-Վայսը: Այսպիսով՝ միջազգային ցանցը ներառում է 7400 աշխատակից (լրիվ դրույքով աշխատողներ) աշխարհի 35 երկրի 170 մասնաճյուղերում: Մասնաճյուղերի բացման և ՏՏ ենթակառուցվածքի ներդրման, ինչպես նաև այլ ընկերությունների ձեռքբերման նպատակով կատարված ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 70 միլիոն եվրո: Սեփական կապիտալի գործակիցը շարունակում է մնալ կայուն՝ 60 տոկոսից բարձր, ինչը կարևոր հիմք է ստեղծում ընկերության՝ ճգնաժամին դիմակայելու և ծանր պայմաններում հետագա զարգացման համար:
Կայուն զարգացման տեսլականը. CO2 արտանետումների կրճատումը մինչև 2030 թվականը
Gebrüder Weiss ընկերությունը իր ռազմավարության մեջ հստակ սահմանում է նաև կայուն զարգացման նպատակները. CO2 արտանետումները տարեկան պետք է կրճատվեն տասը տոկոսով, և մինչև 2030 թվականը ընկերությունը նպատակ ունի վերացնել CO2 արտանետումները: Այդ նպատակին հասնելու համար նախատեսվում է սեփական լոգիստիկ տերմինալներում ավելի շատ ֆոտովոլտային արևային համակարգեր, ինչպես նաև այլընտրանքային, օրինակ, էլեկտրական, գազային կամ ջրածնային շարժիչով բեռնատարներ օգտագործել:
Նախորդ տարվանից սկսած Gebrüder Weiss ընկերությունը իրականացնում է կլիմայի պաշտպանության հավաստագրված ծրագրեր, որոնցով իր պատվիրատուներին առաջարկում է արտանետումների փոխահատուցման հնարավորություն:
Նախորդ տարվա տնտեսության անկայուն վիճակն արտացոլվում է ընկերության առանձին բաժինների գործունեության մեջ. սահմանափակումների և որոշ պատվիրատուների ձեռնարկությունների փակման պատճառով հատկապես երկրորդ եռամսյակում ցամաքային բեռնափոխադրումների և լոգիստիկ ծառայությունների վաճառքը 4.3 տոկոսի անկում է գրանցել՝ հասնելով 1.10 միլիարդ եվրոյի (2019թ. շրջանառությունը կազմել է 1.15 միլիարդ եվրո): Առցանց առևտրի պահանջարկի մեծացման արդյունքում տնային առաքումների ոլորտում գրանցվել է 29 տոկոսի աճ (2020 թվականին իրականացվել է 1.37 միլիոն առաքում)։ Այս ոլորտում Gebrüder Weiss ընկերությունը շուկայի առաջատարն է Ավստրիայում և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում։ Օդային և ծովային բեռնափոխադրումները գրանցել են 23.7 տոկոս աճ՝ հասնելով 470 միլիոն եվրոյի (2019թ. շրջանառությունը կազմել է 380 միլիոն եվրո): Գործունեության ընդլայնմանը, հատկապես օդային բեռնափոխադրումների ծավալի ավելացմանը զուգահեռ, դրական ազդեցություն ունեցավ Ipsen Logistics ընկերության ձեռքբերումը: Չնայած բարդ մարտահրավերներին՝ DPD Austria ընկերությունը, որի բաժնետեր է Gebrüder Weiss ծանրոցների առաքման ընկերությունը (GWP), իրականացրել է ավելի քան 57 միլիոն ծանրոցի առաքում: Դա հավասարազոր է ավելի քան տասը տոկոս աճի, որը հաջողությամբ կարողացանք իրականացնել կորոնավիրուսային ճգնաժամի պայմաններում: